2 Samuel 19
1 Արքան խռովվեց, բարձրացավ դարպասի վերնատունը և ողբալով այս էր ասում. «Որդի՜ս, Աբեսաղո՜մ, Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ, երանի՜ ես մեռնեի քո փոխարեն, ես մեռնեի քո փոխարեն։ Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ, որդյա՜կ իմ Աբեսաղոմ»։
2 Հովաբին հայտնեցին, որ արքան լալով ողբում էր Աբեսաղոմի մահը։
3 Այդ օրը հաղթանակը սուգի վերածվեց ամբողջ զորքի համար, քանի որ զորքն այդ օրը լսել էր, որ արքան տխրել է իր որդու համար։
4 Այդ օրը զորքը գաղտագողի էր քաղաք մտնում, ինչպես ամոթահար զորքն է փախչում պատերազմից։
5 Արքան իր երեսը ծածկեց և բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդյա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ»։
6 Հովաբը, մտնելով պալատ՝ արքայի մոտ, ասաց. «Դու այսօր ամոթով ես թողնում քո բոլոր ծառաներին, որոնք փրկեցին քեզ, քո տղաներին ու աղջիկներին, քո կանանց ու հարճերին։
7 Սիրում ես քեզ ատողներին և ատում՝ քեզ սիրողներին։ Դու այսօր ցույց տվեցիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները։ Ես հաստատ գիտեմ, որ եթե Աբեսաղոմը կենդանի լիներ, մենք ամենքս այսօր մեռած կլինեինք, և դա քեզ հաճելի կլիներ։
8 Արդ, վե՛ր կաց և սի՛րտ տուր քո ծառաներին, քանզի երդվում եմ Տիրոջ անունով, որ եթե այսօր դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մարդ չի մնա։ Գիտցի՛ր, որ դա քեզ համար շատ ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ մանկությունից սկսած մինչև այժմ»։
9 Արքան ելավ ու նստեց դարպասի մոտ։ Ամբողջ զորքին հայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մոտ»։ Ամբողջ զորքը եկավ արքայի առաջ, իսկ Իսրայելը փախավ իր բնակության վայրերը։
10 Ամբողջ ժողովուրդն Իսրայելի բոլոր ցեղերի մեջ վիճում էր՝ ասելով. «Դավիթ արքան մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, նա մեզ ազատեց այլազգիների ձեռքից, իսկ հիմա Աբեսաղոմի պատճառով փախստական է դարձել իր երկրից ու թագավորությունից։
11 Աբեսաղոմը, որին մեզ թագավոր օծեցինք, մեռել է պատերազմում։ Հիմա ինչո՞ւ չեք խոսում արքային հետ դարձնելու մասին»։ Ողջ Իսրայելի ասած այդ խոսքերը հասան արքային,
12 և Դավիթ արքան մարդ ուղարկեց Սադովկ և Աբիաթար քահանաների մոտ՝ ասելով. «Խոսե՛ք Հուդայի ծերերի հետ և ասե՛ք. “Ինչո՞ւ վերջինը դառնանք արքային իր տունը հետ բերողների մեջ”, որովհետև ողջ Իսրայելի ասած խոսքը հասավ արքային»։ Դավիթն ասաց Հուդայի ցեղին.
13 «Դուք իմ ոսկորն ու մարմինն եք, ինչո՞ւ եք վերջինը մնում արքային իր տունը հետ բերողների մեջ։
14 Ամեսայիին ասե՛ք. “Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստված ինձ այսպես ու ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ զորքի հրամանատար չլինես Հովաբի փոխարեն”»։
15 Դավիթը Հուդայի բոլոր մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց. նրանք պատգամավորներ ուղարկեցին արքայի մոտ՝ ասելով. «Հե՛տ դարձեք դու և քո բոլոր ծառաները»։
16 Արքան վերադարձավ ու եկավ մինչև Հորդանան գետը։ Հուդայի մարդիկ եկան Գաղգաղա՝ արքային դիմավորելու և Հորդանան գետն անցկացնելու համար։
17 Հեմինայի որդի Գերայի որդի բավուրիմացի Սեմեին շտապեց ու Հուդայի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի երկրից հազար մարդ, եկավ դիմավորելու Դավիթ արքային։
18 Սավուղի տան ծառա Սիբան իր տասնհինգ որդիների և քսան ծառաների հետ եկավ, որ կազմակերպի արքայի անցումը Հորդանան գետից։
19 Նրանք արքային գետն անցկացնելու ծառայությունն արեցին. անցան գետը, որ արքայի ընտանիքը փոխադրեն և նրա աչքի առաջ բարին գործեն։ Մինչ արքան Հորդանան գետն էր անցնում, Գերայի որդի Սեմեին երեսնիվայր ընկավ արքայի առաջ։
20 Նա ասաց արքային. «Թող իմ տեր արքան մոռանա իմ անօրենությունը, չհիշի, որ իր ծառան հանցանք է գործել այն օրը, երբ իմ տերը դուրս էր եկել Երուսաղեմից։ Թագավորը դա թող մոռանա,
21 քանի որ քո ծառան գիտի, որ մեղք է գործել, և այսօր ահավասիկ Հովսեփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել՝ դիմավորելու իմ տեր արքային»։
22 Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տվեց՝ ասելով. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու այն բանի փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։
23 Դավիթն ասաց. «Ի՞նչ եմ արել ես ձեզ, Շարուհիի՛ որդիներ, որ այսօր իմ դեմ եք ելնում։ Այսօր Իսրայելից ոչ ոք չի մեռնելու։ Մի՞թե ես չգիտեմ, որ այսօր ես եմ թագավորում Իսրայելի վրա»։
24 Եվ արքան ասաց Սեմեիին. «Դու պիտի չմեռնես»։ Եվ արքան երդվեց նրան։
25 Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն ընդառաջ եկավ արքային։ Նա արքայի գնալու օրվանից մինչև նրա խաղաղությամբ վերադառնալը ո՛չ իր ոտքերն էր խնամել, ո՛չ եղունգներն էր կտրել, ո՛չ մորուքը տեսքի բերել, ո՛չ բեղերը շտկել և ո՛չ էլ հագուստներն էր լվացել։
26 Երբ նա մտավ Երուսաղեմ և ընդառաջ ելավ արքային, արքան ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթե՛»։
27 Մեմփիբոսթեն նրան ասաց. «Տե՛ր իմ արքա, ծառաս ինձ խաբեց, քանի որ քո ծառան նրան ասաց՝ “Համետի՛ր էշը, որ հեծնեմ ու գնամ արքայի մոտ”, քանի որ քո ծառան կաղ է։
28 Իսկ նա՝ քո ծառան, տե՛ր իմ արքա, քեզ մոտ ինձ զրպարտել է։ Տե՛ր իմ արքա, որպես Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։ Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է.
29 թեև իմ հոր ամբողջ տունն իմ տեր արքայի առաջ մահվան արժանի մարդիկ են, բայց դու քո ծառային դրեցիր այն մարդկանց շարքը, որոնք արքայի սեղանից են ուտում։ Արդ, այսուհետև էլ ի՞նչ իրավունք ունեմ արքային բողոքելու»։
30 Արքան նրան ասաց. «Ինչո՞ւ ես ասում այդ խոսքերը։ Ասել եմ, որ դու և Սիբան բաժանեք ագարակը»։
31 Մեմփիբոսթեն արքային ասաց. «Նա նույնիսկ ամբողջը թող վերցնի, քանի որ արքան խաղաղությամբ իր տուն է վերադարձել»։
32 Գաղաադացի Բերզելին եկավ Ռոգելիմից և արքային անցկացրեց Հորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչև Հորդանան գետի մյուս կողմը։
33 Բերզելին շատ ծեր մարդ էր, ութսուն տարեկան։ Նա էր արքային կերակրել, երբ վերջինս բնակվում էր Մաանայիմում, քանի որ նա շատ հարուստ մարդ էր։
34 Արքան ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, և ես քո ծերության օրերին քեզ կկերակրեմ Երուսաղեմում»։
35 Բերզելին ասաց արքային. «Ինչքա՞ն են իմ կյանքի օրերը, որ արքայի հետ գնամ Երուսաղեմ։
36 Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել, կամ թե ծառադ արդյոք կերածի ու խմածի համը կառնի՞, կամ թե տակավին կլսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։ Ծառադ ինչո՞ւ բեռ լինի իր տեր արքային։
37 Քո ծառան արքայի հետ հազիվ անցնի Հորդանան գետը։ Արքան ինձ ինչո՞ւ է այդ հատուցումը տալիս։
38 Քո ծառան թող ապրի ու մեռնի իր քաղաքում, իր հոր ու մոր գերեզմանի մոտ։ Քո ծառա Քամաա՛մը թող անցնի իմ տեր արքայի հետ, և նրա՛ն արա այն, ինչ բարի է քո աչքին»։
39 Արքան ասաց. «Թող Քամաա՛մն անցնի ինձ հետ, և ես նրան կանեմ այն, ինչ բարի է իմ աչքին։ Ամեն ինչ, որ դու ինձանից կակնկալես, կանեմ քեզ համար»։
40 Ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը. անցավ և արքան։ Արքան համբուրեց Բերզելիին, օրհնեց նրան, և նա իր տեղը վերադարձավ։
41 Արքան գնաց Գաղգաղա, Քամաամն էլ անցավ գնաց նրա հետ։ Հուդայի երկրի ամբողջ ժողովուրդը և Իսրայելի ժողովրդի կեսը գնացին արքայի հետ։
42 Եվ ահա Իսրայելի բոլոր այրերը եկան ու ասացին արքային. «Ինչո՞ւ մեր եղբայրները՝ Հուդայի մարդիկ, քեզ փախցրին և արքային ու նրա տունն անցկացրին Հորդանան գետով»։
43 Հուդան պատասխանեց Իսրայելին՝ ասելով. «Որովհետև արքան մեզ ավելի հարազատ է։ Եվ ինչո՞ւ եք դժգոհ այդ բանի համար։ Մի՞թե արքան մեզ կերակրել է կամ մեզ պարգևնե՞ր է տվել և կամ մեր բե՞ռն է կրել»։
44 Իսրայելի մարդիկ Հուդայի մարդկանց պատասխանեցին՝ ասելով. «Մենք արքայի մոտ տասը բաժին ունենք։ Անդրանիկը մենք ենք և ոչ թե դուք։ Դավթի նկատմամբ էլ մենք ավելի շատ իրավունք ունենք, քան դուք։ Ինչո՞ւ մեզ անարգեցիք և մեր խորհուրդը չհարցրիք նախքան արքային մեզ մոտ վերադարձնելը»։ Եվ Հուդայի մարդիկ ավելի խիստ էին խոսում, քան Իսրայելի մարդիկ։